Բռնցքամարտի սիրահարներին լավ նվեր արեց Արթուր Աբրահամը: WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ կիսամիջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոնն իր մարզական կարիերայի հիսուներորդ մարտում կարողացավ հաղթել նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին ու դառնալ չեմպիոնական գոտու թիվ մեկ թեկնածու: Մեր մարզիկը մարտը շահել է տեխնիկական նոկաուտով, ութերորդ ռաունդում: Նկատենք, որ սա նրա թվով երեսուներորդ նմանատիպ հաղթանակն էր:
Մրցամարտ է ունեցել նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևագույն քաշային կարգում հանդես եկող աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը: Քառասնամյա հայ բռնցքամարտիկը ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում վարկանիշային մենամարտ է անցկացրել մեքսիկացի Սերխիո Ֆրիաս Գուտիերեսի հետ ու երկրորդ ռաունդում պարտվել նոկաուտով: Վիճակագրության սիրահարների համար՝ սա պրոֆեսիոնալ ռինգում հայ բռնցքամարտիկի հիսուներկուերորդ մենամարտն էր, իններորդ պարտությունը: Նկատենք, որ պարտությունների աճող թվի առյուծի մասը բաժին է ընկնում Դարչինյանի վերջին տարիների մրցելույթներին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ